Շվեդիայի կառավարությունը նոր օրենք է մշակում, որը թույլ կտա COVID-19-ի դեմ պայքարի համար «արտակարգ միջոցառումներ» ընդունել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Երկրում մտահոգություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երկրում ձեռնարկվող համեմատաբար մեղմ միջոցառումները՝ կապված համավարակի հետ, կարող են հանգեցնել մեծ թվով մահվան դեպքերի:

Շվեդիային հարեւան Դանիայում եւ Նորվեգիայում արդեն մտցվել է խիստ մեկուսացման ռեժիմ, փակված են երկրների սահմանները, չեն աշխատում դպրոցներն ու առաջին անհրաժեշտության ապրանքներ չվաճառող խանութները, իսկ Ֆինլանդիան Հելսինկիի շուրջը ամբողջ շրջանն ընդհանրապես մեկուսացրել է:

Եվ միայն շվեդներն են կարող, ինչպես նախկինում, խանութներ, ռեստորաններ հաճախել, գնալ վարսահարդարի մոտ եւ երեխաներին դպրոց ուղարկել:

Շվեդիան կիրակի հայտնել էր նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով մահվան 401 դեպքի մասին, ինչը 8 տոկոսով ավելի է շաբաթօրյա ցուցանիշից եւ ավելի շատ է, քան բոլոր երեք հարեւան երկրներում: