Արտակարգ դրության շրջանում հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճ: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այնպիսի ապրանքները, ինչպես կարագը եւ թռչնամիսը ներառված չեն ցուցակի մեջ, որոնցով ԵՏՄ-ում ներմուծման դեպքում կիրառվում է մաքսատուրքի զրոյական տոկոսադրույք, սակայն Կառավարությունը գնաճի զսպման միջոցներ է ձեռնարկում, առավել եւս, որ Հայաստանի համար դեռեւս գործելու են 2019 թվականի մաքսատուրքերը:

Փոխնախարարը տնտեսվարողներին կոչ արեց չփորձել առիթից օգտվել անդորրագրեր չտրամադրելու նպատակով, քանի որ նման վարքագիծն անթույլատրելի է: «Այս առումով օրենսդրությունը չի փոխվել: Ավելին՝ կարծում եմ, որ այս շրջանում օրենքն ավելի խիստ է գործելու»,- նշեց նա:

Վարոս Սիմոնյանը հավելեց, որ անցյալ շաբաթ անցկացված ստուգումների արդյունքում ախտահանող միջոցների 20 արտադրողներից 19-ը ունեին անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ հայտարարագրեր, իսկ արտադրված արտադրանքը համապատասխանում էր նորմատիվներին: «Պետությունն իրավիճակը վերահսկում է, ստեղծված իրավիճակում բացթողումներն անթույլատրելի են: Այդպիսի տնտեսավորղների գործունեությունը պարբերաբար ստուգվում է»,- ամփոփեց պաշտոնյան: