ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, երեկ՝ ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանն այս պահին տեղափոխվում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այս պահին տեղափոխվում է Երեւան, ճանապարհին են։ Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանրության»,- ասաց Ստեփանյանը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՊԲ զինծառայողը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որի փոխանցմամբ՝ զինծառայողի հայրն այս պահին Հայաստանում չէ.

«Նորմալ ընտանիքից են, հորն անձամբ եմ ճանաչում։ Կյանքին վտանգ չի սպառնում, առաջին օգնությունը ցույց տվել են Ստեփանակերտում»։

Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: