ՀՀ ոստիկանությունը խոստովանում է՝ ոչ բոլորն են կատարում ինքնամեկուսացման պահանջները:

Ապրիլի 6-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նշեց, որ համապատասխան պահանջների մասին քաղաքացիներին հիշեցնում են նաեւ ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ-ը: Ապրիլի 6-ի դրությամբ կազմվել են արձանագրություններ 6667 քաղաքացու նկատմամբ, ավելի քան 1700 մարդու նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել: Կանգնեցվել են մեքենաներ ավելի քան 1 ուղեւոր տեղափոխելու համար: 69 վարորդի նկատմամբ կազմվել են արձանագրություններ: Ոստիկանները շարունակում են հսկել 5802 քաղաքացիներին, որոնք գտնվում են մեկուսացման ռեժիմում: Շարունակվում է նաեւ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հսկողությունը:

Հայկ Մհրյանը խոստովանեց, որ խախտվում են ինչպես մեկուսացման, այնպես էլ ինքնամեկուսացման ռեժիմները: Պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանությանը հայտնի է շատ բակերում մարդկանց կուտակումների մասին, Մհրյանը նկատեց, որ դա իրոք այդպես է: Նրա խոսքով՝ ոստիկաններն ու փրկարարները փորձում են մարդկանց համոզել չխախտել այդ կանոնները: «Մեկուսացման կանոնների խախտումներ եւս եղել են: Սակայն այսօրվանից հարցը կլուծվի բջջային հավելվածի միջոցով»,- նշեց Մհրյանը: Ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ ԶԼՄ-ներում լուսաբանված՝ Հյուսիսային պողոտայում հետապնդման հետ կապված միջադեպը վերաբերել է արտակարգ դրության ռեժիմի խախտմանը:   

«Ուզում էինք ստուգել փաստաթղթերը, եւ չգիտես ինչու քաղաքացին որոշեց փախչել: Նրան հետապնդեցին եւ կանգնեցրեցին»,- ասաց Մհրյանը: