Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու մասին Իրանի բազմաթիվ պաշտոնական դիմումները մերժվել են «ԱՄՆ-ի խուլիգանական դիրքորոշման պատճառով», հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը։

Մեկնաբանելով որոշ ամերիկյան պաշտոնյաների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի՝ պատժամիջոցները դադարեցնելու համար Իրանի հետ կապի անհրաժեշտության մասին հայտարարությունները՝ Մուսավին ասել է․ «Ամերիկացի պաշտոնյաների դիտարկումներում չափազանց շատ են անհամապատասխանությունները։ Սակայն կարեւոր է, որ բոլորը հասկանում են պատժամիջոցների կոշտ եւ անօրինական բնույթը։ Եթե ԱՄՆ-ը հրաժարվի օգնության ձեռք մեկնել, առնվազն կարող է չստեղծել լրացուցիչ խոչընդոտներ։ Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր անկախ եւ քաղաքակիրթ երկրներին արհամարհել ԱՄՆ-ի միակողմանի եւ անօրինական պատժամիջոցները»։

Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս դիմել է պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով պաշտոնական եւ հանրային ուղիներով․ մենք ուղարկել ենք ուրիշ երկրների նախագահներին եւ ԱԳ նախարարներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, սակայն բոլոր դիմումները մերժվել են ԱՄՆ-ի խուլիգանական դիրքորոշման պատճառով։ «Մենք չենք հավատում ԱՄՆ-ի բարի կամքին, սակայն երախտապարտ կլինեինք, եթե նրանք գոնե զերծ մնային ավելի մեծ վնաս հասցնելուց»,-ասել է Մուսավին։

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Իրանի վրա են տարածվում ամենախիստ պատժամիջոցները, եւ «ի հեճուկս ԱՄՆ-ի հայտարարություններին՝ Իրանում դեղորայք մատակարարելու երթուղիներն արգելափակված են»։ «Քանի որ մենք տարիներ շարունակ գտնվել ենք պատժամիջոցների ազդեցության տակ, մենք սովորել ենք հաղթահարել սպառնալիքը՝ հենվելով մեր ներքին ռեսուրսների վրա։ Սակայն օտարերկրյա օգնությունը, անշուշտ, կթեթեւացնի մեր ջանքերն այդ խնդիրները լուծելու համար»,-հավելել է նա։