Ապրիլի 5-ին Արցախի նախագահի թեկնածու, ընտրությունների երկրրոդ փուլ անցած Մասիս Մայիլյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ընտրողներին չմասնակցել Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին` պայմանավորելով այն կորոնավիրուսից բխող վտանգով:

«Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ըստ Արցախի Ընտրական օրենսգրքի 85-րդ հոդվածի 5-րդ կետի Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար։

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասել է, որ նման դիմումներ իրենք ոչ մի թեկնածուի կողմից դեռ չեն ստացել:

«Ընտրական գործընթացում կա քաղաքական հայտարարությունների ընթացակարգ, որից թեկնածուները կարող են օգտվել կամ չօգտվել, դա իրենց իրավասության տիրույթում է, իսկ իրավական լուծումներն օրենքում հստակ տրված են: Քանի որ ինքնաբացարկի ժամկետն անցել է, այս դեպքում 2-ի անունն էլ` Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի, լինելու է քվեաթերթիկում: Օրենքի շրջանակում ընտրության օր կհայտարարվի, քվեաթերթիկում կլինի 2 անուն, և ընտրողների տված քվեի համապատասխան ամփոփումներ կանենք»,- ասել է  նա:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գործ ունենք, ոչ թե իրավական գործիքի հետ, այլ գործ ունենք քաղաքական հայտարարության հետ, երբ քաղաքական գործիչները ազատ են  ցանկացած հայտարարությամբ հանդես գալ եւ քանի դեռ չկա թեկնածությունը հանելու դիմում ԿԸՀ, երկրորդ փուլ տեղի կունենա:

«Մենք կունենանք երկրորդ փուլ, անկախ նրանից, թե ընտրողներից մեկը ինչ է կոչ արել իր ընտրողներին` գնալ ընտրության, չգնալ ընտրության, մասնակցել, կամ չմասնակցել, դա հարցի քաղաքական կողմն է: Բայց իմ համար բոլոր տարբերակներից ամենավատն այն է, որ կարող է լինել ընտրությունների երկրորդ փուլ 1 թեկնածուով: Չնայած, կարծում եմ, որ սա ժամանակավրեպ է, քանի որ պետք է կիրառվեր 10-օրյա ժամկետը դիմում ներկայացնելու, ինչը չի ներկայացվել իմ տեղեկություններով»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով` քաղաքական հայտարարությունները իրավական հետեւանքներ չեն ներկայացնում եւ իրավական առումով որեւէ բան չի փոխվել. «Վաղը պետք է առաջին փուլի արդյունքները պաշտոնապես ամփոփվեն եւ երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն լինի»:

Իրավապաշտպանի խոսքով` նոնսենս է մեկ թեկնածուով երկրորդ փուլի անցկացումը եւ ինքը այդ մոտեցումը հակաիրավական է համարում. «Այդպես կարող է լիներ, եթե մենք ունենայինք մեկ թեկնածու ի սկզբանե, այց մենք այս պարագայում մենք ունենք 3-րդ եւ 4-րդ տեղեր զբաղեցրած թեկնածուներ եւ նրանցից մեկը պետք է մասնակցի երկրորդ փուլին»: