Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ, մենք վերջերս մի քանի խորհրդակցություններ ենք արել, ես մի քանի կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, որ այդ գործերի արդյունավետությունն էականորեն ավելանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, թե որտեղ են, որ կան օբյեկտիվ պատճառներ, որտեղ կան սուբյեկտիվ պատճառներ, որ այդ գործերն արդյունավետ կերպով առաջ չեն ընթանում: Իմ գործընկերները գիտեն, որ եթե արդյունավետությունը չբարձրանա, մենք այլ կարգի որոշումներ պետք է կայացնենք»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե դեռ որքան հայ ժողովուրդը պետք է սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքն ու միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի, Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը այդ բռնագանձված գումարները չեն: Խնդիրն այն է, որ 2018-ից ի վեր մինչեւ այս պահը Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով: Դա ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ առաջին 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով: Հիմա դրանք աճել են 40-45 տոկսոով: Բա այդ փողը օդից ընկա՞վ: Դա ստվերի դեմ պայքարն է, մենաշնորհների դեմ պայքարն է, կոռուպցիայի դեմ պայքարն է:

Կան նաեւ քրգործերով վերադարձված գումարներ, որոնցից ես գոհ չեմ, բայց 40 մլրդ դրամ այս պահին հետ է բերվել: Իսկ հարուցված քրգործերը վերաբերում են 190 մլրդ դրամի չարաշահումների: Սա ամբողջը չի: ՀՀ-ում կոռուիպցիայի դեմ պայքարը շարունակվելու է եւ ամենինչ անելու ենք դրա արդյունավետությունը բարձրացնելու համար»: