Վրաստանում օրինակ, վարդերի հեղափոխությունից հետո, ոստիկանության բարեփոխումները շատ ավելի արագ են տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ի՞նչն է սրա պատճառը. պատճառներից կարեւորն այն է, որ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ունեցել է աշխարհաքաղաքական կոնտեքստ: Աշխարհաքաղաքական բեւեռներից մեկը շահագրգռված է եղել բոլոր հնարավոր միջոցներով ապացուցել, որ այդ գործողությունն արդյունավետ է: Շատ մեծ, ահռելի քանակությամբ նիրտվություններ են արվել: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ միայն աշխարհաքաղաքական կոնտեքստ չեն ունեցել, այլ մենք մինչեւ հիմա էլ դեմ ենք այդպիսի կոնտեքստներին:

Այո, մենք ունենք գործընկերներ, բայց մենք չունենք հովանավորներ, սպոնսորներ: Մենք ենք այդպես ցանկացել: Սա իր հետ բերում է դժվարություններ, բայց նաեւ առավելություններ»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց դեռեւս 2016-ի սեպտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում ՔՊ-ի հրավիրած հանրահավաքը, որտեղ ինքը ելույթ է ունեցել եւ նշել, որ մեր երկրում չպետք է լինեն պրոեվրոպական, պրոամերիկյան եւ պրոռուսական ուժեր, որովհետեւ դա հակահայկականություն է: Նույն կերպ անընդունելի են համարում հակառուսականությունը, հակաամերիկականությունը, հակաեվրոպականությունը: