Արցախի Հանրապետությունում ընտրությունները կատարյալ չեն անցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացին վարչապետին հարց էր ուղղել, թե ինչո՞ւ ինքը ժողովրդի ձայնը չի լսում, ըստ քաղաքացու, Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել, որի վրա ՀՀ վարչապետն աչք է փակում. «Արցախի ընտրությունների վրա աչք մի փակեք։ Նշել եք, որ բարձր մակարդակի ընտրություններ են եղել, բայց համացանցը լի է ընտրախախտումներ փաստող բազմաթիվ տեսահոլովակներով, ակնհայտ է, որ ընտրություններն արդար չէին. Ինչո՞ւ եք այդ ամենի վրա աչք փակում։ Լսեք ժողովրդի իրական ձայնը, ժողովուրդն արդարություն է ուզում, Արցախը Հայաստանի մարզ է»։

Վարչապետը նշեց, որ ոչ ոք չի ասել, թե այդ ընտրություններում ընտրախախտում չի եղել.

«Այնպես եք ասում, կարծես՝ ժողովրդի ձայնը չեմ լսում։ Կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որն այսօր կա ԱՀ-ում։

Հարցն այն է, թե այդ ընտրախախտումներն ինչքանո՞վ են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նախագահի թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին առաջին փուլի ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Եթե ընտրությունները կեղծվում են, ապա որեւէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞»։

Փաշինյանը նկատեց, որ ԱՀ-ի խորհրդարանական ընտրություններում 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը, եթե կեղծված լիներ ընտրությունները, ապա առնվազն 2-րդ տեղում չպետք է ընդդիմադիր ուժ լիներ.

«ՀՀ-ում ընտրությունների կեղծման այն ժամակաշրջանում դուք երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Ինչո՞ւ են կեղծում այնպես, որ բավական կոշտ ընդդիմությունը գրավի 2-րդ եւ 3-րդ տեղերը։ Այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը գրավեին առվազն 2-րդ տեղը։ Ես չեմ ասում, որ այդ ընտրությունները կատարյալ են եղել։ Մենք պետք է շարունակենք աջակցել Արցախին՝ ժողովրդավարության հետագա զարգացման գործում»։

Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ընտրություններին ընդառաջ մամուլում տարածված այն լուրերի համաձայն, թե թեկնածուների կողմից քաղաքացիներին բաժանվում են ընտրակաշառքներ, ինքը ստացել է ահազանգեր. «Հանձնարարել եմ, որ ստուգեն, ինձ ասել են՝ չեն հաստատվում այդ դեպքերը, գուցե ես ինչ-որ բան այնպես չգիտեմ, եւ եթե լինեն շատ կոնկրետ տեղեկություններ, ապա կլինի համապատասխան արձագանք»։