Մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարակական տրանսպորտը վիրուսի տարածման շատ  վտանգավոր օջախ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացիներից մեկը բարձրաձայնում էր իր այն խնդիրը, որ Հայաստանում կան կառույցներ, որոնք արտակարգ դրության պայմաններում էլ աշխատում են, եւ այդ կառույցների աշխատակիցները ստանում են 100 հազար դրամ աշխատավարձ,  հասարակական տրանսպորտի բացակայության պայմաններում ամեն օր տաքսիով արդյոք հնարավո՞ր է հասնել աշխատանքի և վերադառնալ, երբ ինքը տան միակ աշխատողն է եւ ունի 3 երեխա։

Վարչապետը շեշտեց, որ այդտեղ կա խնդիրը, որն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին.

«Ապրիլի 3-ից Երեւան համայնքի ավտոբուսներով՝ թվով 40 երթուղիներով իրականացվում է Երեւանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3 անգամյա ռեժիմով։

Սա այն պարագայում, եթե դուք բուժհաստատության աշխատող եք, իսկ եթե ոչ, ապա ես ընդունում եմ, որ այդտեղ կա պրոբլեմ։

Ես ներողություն եմ խնդրում պատճառված բոլոր անհարմարությունների համար, բայց այս ճգնաժամը պետք է փորձենք մի քիչ ջանք գործադրելով հաղթահարենք եւ վերադառնանք բնականոն կյանքին»։