Ես ինչո՞ւ եմ ցինիզմ որակել, շատ պարզ պատճառով, որովհետեւ բոլոր պետական պաշտոնյաներին տրված էր արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել եւ, ըստ էության, թալանել երկիրը եւ այդ պայմաններում մի հատ էլ աշխատավարձ բարձրացնել, դա ցինիզմ է, այո։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե «դուք ժամանակին քննադատում էիք պետաշխատողի աշխատավարձի բարձրացումը եւ ցինիզմ դա որակում, հիմա նախարարների աշխատավարձերն այդքան շատ բարձրացել են, իսկ թոշակներն ավելացել են 3000 դրամով, սա ցնի՞զմ է, թե՞ ոչ։

«Երբ պետական կառավարման համակարգի առաջ դրված է խստագույն խնդիր եւ յուրաքանչյուրը գիտի, որ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում կպատժվի, ես դա համարում եմ արդյունավետ լուծում, եւ դա իր արդյունավետությունը ցույց տվեց։ Պետական պաշտոնյաների նաեւ այդ որոշման արդյունքում՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 1 միլիարդ 100 միլիոն դոլարով։ Ենթադրվում է, որ այդ գումարների մի մասը նախկինում գնում էր այն չինովնիկների գրպանը, որոնց աշխատավարձերը բարձրացնում էին եւ, այո, դա ցինիզմ էր։ Հաջորդը արդյունքը՝ 1 միլիոն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ այս ընթացքում բարձրացրել ենք։ Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա, ինչո՞ւ, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ, որ լուծված չեն, չեն լուծվում մի պարզ պատճառով, որովհետեւ անհրաժեշտ որակական հմտություն ունեցող կադրերը պետական կառավարման համակարգում շատ հաճախ հնարավոր չի լինում ներգրավել, եւ մենք հարցերը լուծելու համար, որպեսզի թոշակներն ավելի շատ բարձրանան, որպեսզի պետական բյուջեի եկամուտներն ավելի շատ բարձրանան, պետք է բարձրացնենք պետական համակարգի պրեստիժը եւ մեր պատկերացումը հետեւյալն է, որ մենք պետք է կրճատենք պետական կառավարման համակարգի աշխատողների քանակը, բարձրացնենք աշխատավարձը, որպեսզի 1 աշխատողից ավելի շատ արդյունք կարողանանք արձանագրել։ Իմ որոշմամբ՝ մարտ ամսին պետական բարձրաստիճան պաշտոնյաները մարտ ամսին պարգեւավճար չեն ստանում եւ այդ գումարն ուղղվում է հակաճգնաժամային միջոցառումներին։ Դա ավելի շատ սիմվոլիկ է, որովհետեւ այդ գումարն իր ֆիզիկական արժեքով չնչին գումար է հակաճգնաժամային պայքարի առումով։ Այդ որոշումը կայացրել եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու եւ դատելու կլինենք, խղճի խայթ չունենանք եւ այսօր մենք ոչ միայն նախկին կոռումպացվածների դեմ ենք պայքարում, այլեւ մեր կոռումպացվածների դեմ ենք պայքարում, եւ ձեր աչքի առաջ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են, քրեական գործ է հարուցվել։ Այդպես էլ շարունակվելու է եւ որեւէ մեկը չի մարսելու կոռուպցիան լինի ներկա, թե նախկին»»,– ասաց Փաշինյանը։