Չենք կարող լինել անսխալական, սխալներ ամեն օր թույլ ենք տալիս, բայց շատ կարեւոր է, որ այդ սխալներից կարողանանք սովորել, որովհետեւ սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սխալներ է գործել կառավարությունը, ի՞նչ կարող էր այլ կերպ անել, եւ ի՞նչ դասեր է քաղել ներկա իրավիճակից։

«Ուզում եմ շատ բարձր գնահատենք այն սխալները, որոնք մենք թույլ ենք տալիս, իհարկե այն սխալները, որոնք կատաստրոֆիկ եւ ճակատագրական նշանակություն չունեն։ Երբ ներկա կառավարության սխալների մասին մտածում եմ, հիշում եմ իմ քաղաքական գործունեությունը եւ իմ քաղաքական գործունեության մեջ հիշում եմ դրվագներ, որոնք համատարած գնահատվել է որպես սխալ այն ժամանակ։ Բազմաթիվ իմ կողմից արված քայլեր գնահատվել են որպես կատաստրոֆիկ սխալ, բայց պատմությունը ցույց է տվել, որ դրանք եղել են ճիշտ որոշումեր եւ, հետեւաբար, սխալը եւ ճիշտը շատ հարաբերական են եւ այն սխալները, որոնք մեզ չեն սպանում, մեզ ուժեղացնում են։ Եթե մենք ուզում ենք սովորել, պետք է նաեւ սխալվելու համարձակություն ունենանք, իհարկե, որ այդ սխալներն աղետալի չեն լինի։ Իմ գնահատականն այն է, որ մենք աղետալի սխալներ չենք գործել, հույս ունեմ, որովհետեւ նաեւ ժամանակը դա պետք է ապացուցի»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաեւ օրինակ բերեց կապված՝ կորոնավիուսի կանխարգելման հետ կապված։

«Կորոնավիրուսի հետ կապված մեկ–մեկ մտածում եմ, որ սխալ արեցինք, որ Իտալիայի չվերթներն ավելի շուտ չփակեցինք, բայց հետո ոնց մտածում եմ, այն մարդիկ, որ եկել են Հայաստան եւ կորոնովիրուսի ակտիվ տարածման պատճառ են դարձել, միեւնույն է՝ գալու էին, կգնային Վիենայից կթռնեին այդ մարդիկ, Աթենքից կթռնեին, եւ ոնց որ ջերմիջեցնող խմելով անցել են սահմանը, այն ժամանակ էլ կանցնեին։ Հասկանում եմ, որ դա բացարձակապես իրավիճակի վրա ազդեցություն ունենալ չէր կարող»,– ասաց Փաշինյանը։