Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, երբ նրա վիճակը վատթարացել է, հաղորդում է Sky News –ը՝ հղում անելով Դաունինգ սթրիթին։ Անցած շաբաթ Ջոնսոնի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։

Վարչապետը խնդրել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաբին փոխարինել իրեն «անհրաժեշտության դեպքում»։ Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա ընթացքում «վարչապետի ինքնազգացողությունը վատացել է, եւ բժիշկների խորհրդով նա տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք»։ «Վարչապետը ստանում է անհրաժեշտ օգնություն եւ շնորհակալ է առողջապահության բոլոր աշխատակիցներին ջանասիրաբար աշխատելու եւ գործին նվիրումով վերաբերվելու համար»։

Ջոնսոնը հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցում կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալուց 10 օրն անց։