Քննարկման ներկայացված համաձայնագիրը վավերացնելու դեպքում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին 13 միլիոն 400 հազար եվրո վարկ կտրամադրի:

Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով` այս միջոցներով նախատեսվում է 65 կմ ճանապարհ վերանորոգել: Նախարարը հավելեց, որ այս պայմանագրի վավերացումից հետո մրցույթ կհայտարարվի` ճանապարհաշինարարական ընկերություն ընտրելու նպատակով, որը եւ պետք է իրականացնի այդ աշխատանքները:

Պապիկյանը նաեւ նշեց, որ աշխատանքները կավարտվեն կամ այս տարի, կամ հաջորդ տարվա սկզբին: «Այս ծրագրի շրջանակներում վարկի առաջին տրանշը 170 միլիոն եվրո է կազմել: Այս ծրագրի շրջանակներում 211 կմ ճանապարհ է վերանորոգվել: Այս աշխատանքները, ինչպես եւ նախատեսվում էր ծրագրով, իրականացվել են հանրապետության տարբեր համայնքներում, ինչը դրանց համար կենսական նշանակություն ուներ»,- ասաց նախարարը` հավելելով, որ 211 կմ-ից 40-ը վերանորոգվել է  աշխատանքների ընթացքում խնայված միջոցների հաշվին:

Որոշ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս վարկային համաձայնագրին: