Ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն` ցանկացած տեսակի սպառողական վարկերի գովազդը Հայաստանում կարգելվի: Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Սպառողական վարկավորման մասին»  օրենքում ե հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Արտակ Մանուկյան:

Ըստ նրա` արգելքը կկիրառվի ինչպես ռադիոյի, այնպես էլ հեռուստատեսության, բջջային կապի եւ ինտերնետի համար` բացառությամբ վարկային հաստատության պաշտոնական կայքի (սոցիալական էջի), բջջային հավելվածի կամ գրասենյակների, որտեղ նրանք համապատասխան գործունեություն են իրականացնում: Պատգամավորը պարազաբանեց, որ սպառողական վարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարության մեջ պետք է ներկայացվի միայն փաստացի տարեկան տոկոսադրույքի չափով:

«Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չպետք է ներառի հաճախորդի պահվածքից կախված պայմանականությունները, ինչը կարող է մոլորության մեջ գցել վերջինիս: Միեւնույն ժամանակ, սպառողական վարկերի գովազդը չպետք է տպավորություն ստեղծի, որ վարկը անվճար կամ առանց տոկոսադրույք է տրամադրվում, չի թույլատրվում, որպեսզի այն մոլորեցնող տեղեկություններ պարունակի տոկոսադրույքի վերաբերյալ: Սույն բաժնում նախատեսված գովազդը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի այն դուրս չգա վարկատուի կամ այն գրասենյակի հասցեի սահմաններից, որտեղ իրականացվում են համապատասխան գործունեությունը, եւ տեսանելի չլինի փողոցից»,- ասաց Մանուկյանը:

Ընդ որում, պատգամավորը շեշտեց, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով պետք է պարտադիր պահանջներ եւ պայմաններ սահմանի մինչեւ երեք ամիս մարման ժամկետով մինչեւ 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար, որոնք հիմնված են սպառողական վարկունակության, սպառողական պարտքերի եւ եկամուտների հարաբերակցության եւ այլնի վրա:

Բավական երկար քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը: