Կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել ընթացիկ տարվա պետական բյուջեում: Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2019 թվականի Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ հիմա քննարկման փուլում են, եւ հենց դրանով է պայմանավորված այն, որ Կառավարությունը դեռեւս ԱԺ չի ներկայացրել «Բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Ջանջուղազյանը, մասնավորապես նշեց, որ 2019 թվականի սեպտեմբերին, երբ ընթացիկ տարվա պետբյուջեն ներկայացվել էր ԱԺ քննարկմանը, անհնար էր կանխատեսել աշխարհում եւ երկրում այսօր տեղի ունեցող զարգացումը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ անհրաժեշտ կլինի ներկայացնել ինչպես պակասուրդի պահանջարկը, այնպես էլ պետպարտքի հանդեպ նոր մոտեցումը: Նա չբացառեց, որ կարող է առաջանալ նոր պետպարտք ներգրավելու անհրաժեշտություն, ինչը, նախարարի խոսքով, թույլ կտա զսպել սպասվող բացասական տնտեսական հետեւանքները:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե մինչեւ հիմա Կառավարության ֆիսկալ քաղաքականությունն ուղղված էր պարտքի կայունացմանը, ապա հիմա, երբ բացասական հետեւանքների վտանգ կա, այն պետք է օգտագործվի որպես գործիք դրանց հետագա չեզոքացման համար: