Պետությունն ուսուցիչների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի առանձին վիճակագրություն չի վարում: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա` նման տվյալների հրապարակումն ինչ-որ իմաստով կարող է անձնական տվյալների հրապարակում համարվել, բայց, ամեն դեպքում, նման վիճակագրություն վարելու կարիք չկա:

Անդրեասյանը հիշեցրեց Էջմիածնի դպրոցներից մեկի` կորոնավիրուսով վարակված աշակերտի շփումների դեպքերի մասին: 

«Այդ ժամանակ ձեռնարկվեցին բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` մարդկանց մեկուսացումը»,- հավելեց փոխնախարարը` չնշելով, սակայն, որ Էջմիածնում բռնկման հիմնական պատճառներից մեկը իշխանությունների` մարտի 9-ին դպրոցներում դասերը վերսկսելու մասին որոշումն էր` Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը չչեղարկելու համար: