Հայաստանում դեռ գոյություն ունի հեռավար կրթության հասանելիության խնդիրը: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ գերատեսչությունն ավելի քան 24 հազար հայտ է ստացել հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով տեխնիկական միջոցներ ստանալու համար: Նրա խոսքով՝ 56 պլանշետ  է ուղարկվել Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզեր, եւս 81 պլանշետ՝ Արագածոտնի մարզին: Տեխնիկա է ուղարկվում նաեւ Տավուշի մարզ:

Մարտի 29-ից Երեւանի N114 դրոցը համակարգչային տեխնիկա է ընդունում, որը բաշխում է մարզերով՝ նշել է նախարարի տեղակալը:

Անդրեասյանը նշել է, որ ակտիվ համագործակցություն է ընթանում հեռուստաալիքների հետ, այդ թվում Հանրային հեռուստաընկերության հետ: Եթերում 08:30-ին հեռարձակվում են ընդհանուր կրթական դասեր, իսկ 11:30-ից մինչեւ 12:40՝ բնական գիտությունների եւ մաթեմատիկայի դասեր ավագ դասարանների համար, բացի այդ,  95 դաս հասանելի է Ֆեյսբուք սոցցանցում:

Փոխնախարարը հավելեց, որ հեռավար կրթության հետ կապված ռիսկերը վերաբերում են մեծամասամբ կիբերանվտանգությանը:

Նա նաեւ հայտնեց, որ նախարարությունը հավաքել է տվյալներ արտասահմանում սովորող ուսանողների մասին եւ փոխանցել ԱԳՆ, որը կարգավորում է այդ հրացերը: