Ֆրանսիայի հարավային Գար դեպարտամենտի բնակիչը  վզափոկով կատվի հետ զբոսանքից հետո ստիպված էր տուգանք վճարել կարանտինը խախտելու պատճառով, հայտնում է 20 Minutes պորտալը:

Սահմանափակող միջոցառումների պահպանումը վերահսկելու համար Գարում ժանդարմները դրոն են օգտագործում:

«Այդ դրոնի միջոցով հայտնաբերվել է վզափոկով կատվին զբոսանքի դուրս բերած մարդը: Կատուն այնպիսի տեսք ուներ, ասես դրան վարժված լիներ»,- պարզաբանում է պարբերականը:

Ստուգելիս պարզվել է, որ Գրո դյու Ռուա կոմունայի բնակչի մոտ չկար տանից ամեն դուրս գալու համար պարտադիր ձեւաթուղթը, այդ թվում՝ նաեւ տնային կատվի հետ զբոսանքի համար: Այսպիսով, կատվի հետ զբոսանքը տիրոջ համար շրջվել է 135 եվրո տուգանքով:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի արագ տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները փակել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները եւ ոչ մթերային խանութները: Մարտի 17-ից մտցվել են մարդկանց տեղաշարժման խիստ սահմանափակումներ, խախտողներին տուգանք է սպառնում: