Չնայած ստեղծված իրավիճակին, Կառավարության համար կապիտալ ծախսերը կշարունակեն մնալ գերառաջնահերթ: Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2019 թվականի Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա այս ենթատեքստում հայտնեց սուբվենցիոն ծրագրերի ծավալները մեծացնելու Կառավարության մտադրության մասին, քանի որ համայնքների կողմից ստացված այդ ծրագրերին մասնակցելու հայտերն արդեն անցել են 40 մլրդ դրամից:

Նախարարը նշեց, որ 2020 թվականի բյուջեով նախատեսված է 10 մլրդ դրամ: Պապիկյանը շեշտեց, որ հայտերի քննարկումից հետո ներկայացված եզրակացությունների հիման վրա Կառավարությունը պատրաստ է հատկացնել համաֆինանսավորման համապատասխան գումարը:

Նախարարը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը կկարողանա մասնակցել նաեւ երրորդ կողմը՝ մասնավոր անձ կամ կազմակերպություն: Նրա կարծիքով՝ սա հնարավորություն կընձեռի Հայաստանի համայնքներում նախաձեռնել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:

Ընդ որում՝ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ 2019 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի թիվը 3 անգամ գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ երկրի մարզերում ընդհանուր առմամբ իրականացվել է 462 սուբվենցիոն ծրագիր: