Փարիզի շրջանի վարչակազմը խստացրել է կարանտինի կանոնները՝ սահմանափակելով առավոտյան եւ երեկոյան սպորտով զբաղվելու ժամանակը։ Նաեւ քաղաքապետարանը խոստացել է պատրաստել եւ փարիզեցիներին բաժանել բազմակի օգտագործման երկու միլիոն պաշտպանական դիմակներ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է քաղաքապետ Անն Իդալգոն, հայտնում է RFI-ը։

Տան մոտ վազքը եւ մարմնամարզությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում կարգելվեն առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 7-ը։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 8-ից։ Փարիզի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին փողոցներում մարդիկ ամենաքիչն են լինում, այն դեպքում, երբ ցերեկը նրանք գնում են աշխատանքի եւ գնումների։

Նաեւ Փարիզի քաղաքապետարանը խոստանում է երկու միլիոն դիմակներ բաժանել քաղաքացիներին։ Դրանք կարելի է լվանալ եւ բազմակի օգտագործել։ Բացի այդ, կարանտինի վերջում քաղաքի իշխանությունները խոստանում են հասարակական տրանսպորտում եւ խանութներում ախտահանող գելերով սարքեր տեղադրել։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները թույլ է տվել շրջանային իշխանություններին քաղաքապետարանների հետ միասին իրենք որոշեն յուրաքանչյուր առանձին քաղաքում կարանտինի խստացման մասին՝ կախված իրավիճակից։ Ֆրանսիայի որոշ քաղաքներում արդեն սահմանել են հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու կարգը։ Իսկ Մարկ ան Բարելի քաղաքապետը արգելել է քաղաքի բնակիչներին փողոցում թքել եւ դիմակներ ու ձեռնոցներ նետել, հայտնում է Le Monde-ը։

Ինչպես եւ նախկինում, փողոց դուրս գալու համար փարիզեցիները պետք է հատուկ ձեւաթուղթ լրացնեն, որտեղ նշեն տնից դուրս գալու ժամանակն ու նպատակը։ Այս շաբաթվանից, բացի թղթային տեղեկանքից, ֆրանսիացիները հնարավորություն ունեն իրենց սմարթֆոնների վրա էլեկտրոնային տեղեկանքով դուրս գալ տնից։ Դրա համար անհրաժեշտ է ՆԳՆ կայքում լրացնել ձեւաթուղթը եւ հեռախոսին QR-կոդ ստանալ։ Իշխանությունները հավաստիացնում են, որ չեն հավաքում ստացված տվյալները։