Ճապոնիան երկարաձգել է արտակարգ դրությունը եւս մեկ ամսով` կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով, հայտնում է AFP-ն:

Կառավարությունը բախվել է բռնկման դեմ պայքարի աճող անհրաժեշտությանը, որը համաշխարհային չափանիշներով շարունակում է փոքր մնալ, բայց ճապոնացի բժշկական մասնագետների մտավախությունների առիթ է դարձել, ովքեր նախազգուշացնում են, որ տեղական առողջապահական համակարգերն արդեն ծանրաբեռնված են:

Հայտարարելով միջոցառումների մասին` վարչապետ Սինձո Աբեն ճապոնացիներին կոչ է արել ապավինել միասնության զգացողությանը, որն առաջացել էր 2011-ի ավերիչ երկրաշարժից, ցունամիից եւ միջուկային պայթյունից հետո: «Մենք կրկին մեծ դժվարությունների ենք հանդիպում: Սակայն եթե մենք նորից միասին աշխատենք, կընդունենք մարտահրավերը եւ առաջ կշարժվենք,- ասել է նա:- Մենք կհաղթենք վիրուսը եւ կկարողանանք դրանով հաղթահարել այս արտակարգ դրության փորձությունը»:

Այս որոշումը 7 շրջանների նահանգապետերին, այդ թվում ՝ Տոկիոյի, թույլ է տալիս հորդորել մարդկանց մնալ տանը եւ պահանջել փակել ձեռնարկությունները, սակայն հարկադիր եւ տուգանքների որեւէ մեխանիզմ չի սահմանվել նրանց համար, ով չի հետեւում այս կանոններին:

«Չնայած արտակարգ դրություն է հայտարարվել, բայց դա քաղաքի արգելափակում չի նշանակում, ինչպես դա եղել է արտերկրում»,- ասել է Աբեն` հայտարարելով, որ հասարակական տրանսպորտը կաշխատի սովորական ռեժիմով, իսկ ճանապարհները չեն փակվի: Ընդ որում, նա մարդկանց հորդորել է լուրջ վերաբերվել արտակարգ դրությանը` քաղաքացիներին ասելով, որ ամեն ինչ կախված կլինի իրենց գործողություններից: Նա նախազգուշացրել է, որ մարդիկ ստիպված կլինեն 70-80 տոկոսով կրճատել շփումները:

Արտակարգ դրությունը հայտարարելու անհրաժեշտությունը մեծացել էր Տոկիոյում մի քանի օր շարունակ վարակման նոր դեպքերի գրանցման պատճառով, չնայած դրանց թիվը շատ ավելի ցածր է, քան աշխարհի շատ երկրներում. երեքշաբթի օրը գրանցվել է մոտ 80 դեպք:

Արտակարգ դրությունը կտեւի մինչեւ Ոսկե շաբաթվա` երկրում խոշորագույն ճանապարհորդական ժամանակահատվածներից մեկի ավարտը: