Ներքին այրման ավանդական շարժիչները վաղուց ի վեր դասվում են հնացածների եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր տեխնոլոգիաների շարքին, ուստի առաջատար ավտոարտադրողներն ակտիվորեն աշխատում են նոր շարժիչների եւ վառելիքների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես Mazda ընկերությունը ջրիմուռների հիմքով ինովացիոն վառելիք է ստեղծում, փոխանցում է Planet- today-ը: 

Ճապոնական ավտոապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարում են, որ ջրիմուռներից հեռանկարային բիովառելիքը մեծ թվով առավելություններ ունի: Օրինակ՝ այդպիսի վառելիքն այրվելիս չի արտադրում բնության համար վնասակար նյութեր: «Այրվելիս մեր նոր բիովառելիքն արտադրում է բացառապես ածխաթթու գազ, որը մթնոլորտից կլանվում է նույն ջրիմուռների կողմից, որոնք օգտագործվում են վառելիքի արտադրության համար»,- ասում են նոր վառելիքը ստեղծողները:

Բիովառելիքի արտադրության համար ջրիմուռները կարելի է աճեցնել տարածքներում, որոնք չեն համապատասխանում ավանդական գյուղատնտեսություն վարելուն: Ի հավելումն՝ ջրիմուռներ ստանալու համար արժեքավոր ջրի կարիք չկա: Եթե պատրաստի վառելիքն արտահոսի շրջակա միջավայր, ապա իրենից վտանգ չի ներկայացնի, քանի որ ամբողջությամբ կենսաքայքայվող է:

Այսպիսով, ե՞րբ կտեսնենք Mazda-ի ավտոմեքենաներ, որոնց շարժիչները կաշխատեն վառելիքի նոր տեսակով: Մշակողները չեն հստակեցնում, բայց ասում են, որ հիմա ինովացիոն վառելիքն ակտիվորեն թեստավորում են՝ ստուգելու համար էկոլոգիական ամենախիստ նորմերին համապատասխանությունը: