Ավստրալիայի Բարձր դատարանն արդարացրել է 1990-ականներին երկու դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Վատիկանի նախկին գանձապետ, կարդինալ Ջորջ Փելին: 78-ամյա կարդինալը բանտում 404 օր է անցկացրել, հայտնում է Reuters-ը:

Վատիկանը ողջունել է այս որոշումը եւ բարձր է գնահատել Փելին` «ճշմարտության հաստատմանը սպասելու համար»: Բարձր դատարանը որոշում է կայացրեց, որ Փելի դատավճիռները պետք է կարճվեն եւ նա պետք է արդարացվի:

Բարձր դատարանի յոթ դատավորները միաձայն համաձայնել են, որ կարդինալի դատավարության ատենակալների ժյուրին «պետք է կասկածներ հայտներ» նրա մեղքի կապակցությամբ: Փելը, ով երկարատեւ դատաքննության ընթացքում պնդում էր իր անմեղությունը, չի կարող կրկին մեղադրվել այս գործով:

Կարդինալը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման` մինչեւ 16 տարեկան երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության համար մի մեղադրանքով եւ մինչու 16 տարեկան երեխայի նկատմամբ անպարկեշտ արարքի համար չորս մեղադրանքով, որը, ըստ հայցվորի, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Փելը Մելբուրն քաղաքի արքեպիսկոպոսն էր: