Այս փուլում թե արտահանումը, թե ներմուծումը Հայաստան շատ ակտիվ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ներմուծման եւ արտահանման պասիվությունը չի հանգեցնի խանութներում ժամկետանց սննդամթերքների առկայության:

«Ներմուծումն ու արտահանումն ակտիվ չէին մի ժամանակահատված, երբ Լարսում եղանակային խնդիրներ կային: Մտավախություն միշտ կա, որ կարող են լինել ժամկետանց ապրանքներ, դրա համար պարբերաբար շրջայցներ են իրականացնում»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ չփաթեթավորված հացը կարող է վարակի տարածման պատճառ լինել, ՍԱՏՄ ղեկավարն արձագանքեց. «Հացի փաթեթավորման պահանջ օրենսդրությամբ չկա, բայց մեր հորդորներով շատ արտադրողներ, եթե չասենք մեծամասնությունն իրականացնում են հացի փաթեթավորում»:

Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում աշխատում են տուգանքներ չկիրառել, միակ տուգանքը, որ կիրառում են, աշխատանքի գործունեության կասեցումն է: