Անշարժ գույքի շուկայում գների մեծ անկում է սպասվում` այն աստիճանի, որ երկարաժամկետ հեռանկարում առաջարկի եւ պահանջարկի բալանս կգրանցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց անշարժ գույքի վաճառքի եւ վերանորոգման գործակալության ներկայացուցիչ Արա Վատուլինը:

«Կոմերցիոն անշարժ գույքի գները միանշանակ կնվազեն, քանի որ արդեն բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ հրաժարվում են տարածքների վարձակալումից, եւ պահանջարկն էլ ավելի կնվազի: Ննակարանների վարձակալության գները եւս կնվազեն: Արդեն հիմա չեղարկվում են Երեւանի կենտրոնի էլիտար բնակարանների վարձակալության համար ամրագրումները, ինչը շղթայական արձագանքով գների անկման կհանգեցնի ամբողջ քաղաքում: Մարզերում տոկոսային առումով անկումը կլինի նույն մակարդակի վրա, սակայն ավելի լուրջ ազդեցություն կունենա մարդկանց վրա, քանի որ այնտեղ կենսամակարդակը ցածր է»,- ասաց նա:

Վատուլինը պարզաբանեց, որ ճգնաժամից առաջ անշարժ գույքի գները 25-30 տոկոս անհեթեթ աճ էին գրանցել, ինչը որեւէ տնտեսական հիմք չուներ: «Հայաստանում գների տարբերությունը միշտ կապված է եղել դոլարի տատանման հետ, ինչ հեղափոխությունից հետո տեղի չի ունեցել, եւ տնտեսական աճի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Ավելին, մարդիկ ավելի շատ վաճառում էին անշարժ գույքը եւ մեկնում էին Հայաստանից, քան գնում էին այն»,- շեշտեց գործակալության ներկայացուցիչը: Նրա խոսքով` անորոշ է մնում նաեւ այն բնակարանների ապագան, որոնք մինչ ճգնաժամը նախատեսվում էր վաճառել հիպոթեկային վարկերով:

Մասնավոր բրոքեր Հասմիկ Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եւս գների անկում է կանխատեսում, որոնք հեղափոխությունից հետո 30 տոկոսով բարձրացել էին` առանց տնտեսական պատճառների:

«Հեղափոխությունը ոչ մի իրական նախադրյալ չի ստեղծել գների թանկացման համար: Վաճառքները կանգ էին առել դեռ մինչեւ ճգնաժամը, քանի որ գնորդը որոշակիության էր սպասում, իսկ բոլոր գործարքները հիմնականում կապված էին հրատապ վաճառքների հետ, այդ թվում նաեւ` այլ երկիր տեղափոխվելու նպատակով»,- ասաց նա:

Բրոքերի խոսքով` ճգնաժամի արդյունքում բնակարանների վարձակալության գները կնվազեն առնվազն 20 տոկոսով, իսկ վաճառքինը` 10-20 տոկոսով: