Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղը, ուր վերադարձել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին,  կարանտինի ընթացքում կապահովվի սննդամթերքով եւ դեղորայքով։

Այս մասին ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ` վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար։ Կարանտինի ընթացքում գյուղը կապահովվի սննդամթերքով եւ դեղորայքով»,– ասաց նա։

Նրա խոսքերով՝ դա արվում է, որպեսզի նվազագույնի հասցվի մարդկանց շփումների անհրաժեշտությունը։ «Գյուղի ղեկավարը աշխատանքներ է տանում անվտանգության միջոցառումների մասին բնակիչներին իրազեկելու համար։ Նրանց հանդեպ, ովքեր մտնում են տվյալ քաղաքացու շփումների շրջանակի մեջ, ավելի խիստ վերահսկողություն կսահմանվի»,- նշեց նա։

Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղիրյանը հավելել է, որ մեկուսացման օրը շփման շրջանակը հայտնաբերելուց հետո գյուղ են ուղարկվել մասնագետներ, բոլոր տներում ախտահանում է իրականացվել։