Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի նվազեցնի բնակչության առողջության սպառնալիքների ռիսկերը, մանավանդ այնպիսի կարեւոր իրադարձության շրջանակներում, ինչպիսին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։

Այս մասին ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Մենք կապահովենք անվտանգության բոլոր միջոցառումները, ինչպես դա եղել է առաջին փուլի ժամանակ։ Ավելին, միջոցառումները կուժեղացվեն, որպեսզի բնակչության առողջությունը սպառնալիքի տակ չդրվի։ Կառավարությունն առավելագույնս թափանցիկ է աշխատում։ Բացի այդ, Արցախը փոքր պետություն է, եւ այստեղ բարդ է որեւէ բան թաքցնելը»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ բոլոր միջոցառումները, որոնք անցկացվել են մինչ այժմ, տվել են իրենց արդյունքները։ «Ցավոք, մեկ դեպք, այնուամենայնիվ, գրանցվեց, եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բացառենք վարակի տարածումը»,- ամփոփեց Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին։