Ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի տարածման հետ, բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ Այս մասին ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Սրա հետ կապված՝ առաջիկայում կառավարությունը կներկայացնի աջակցության միջոցառումներ երեք ուղղություններով՝ գյուղատնտեսություն, բիզնես եւ սոցիալական ոլորտ։

Միջոցառումները համահունչ կլինեն նրանց, որոնք ձեռնարկվում են Հայաստանում»,- ընդգծեց նա։ Պետնախարարը չբացառեց, որ ուսումնական հաստատությունները ապրիլի 14-ից հետո էլ կշարունակեն փակ մնալ։ Որպես երկարաժամկետ եւ կարեւոր խնդիր, Մարտիրոսյանը նշեց պարենային անվտանգության բարձրացման եւ երկրի պահուստների ավելացման միջոցառումները։ «Տվյալ պահին պարենային անբավարարության որեւէ ռիսկ չկա»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու մինչ այժմ անցկացված միջոցառումներին, ապա դրանք, նրա խոսքերով, ունեցել են մի քանի ուղղություն՝ անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով առողջապահության համակարգի ապահովում, խիստ վերահսկողություն սահմանին, ուսումնական հաստատությունների փակում, պետական ծառայողների աշխատանքի ռեժիմի փոփոխում, որոնք հնարավորինս տնից են աշխատել։