Թրամփի վարչակազմը հայտարարել է 225 միլիոն դոլարի չափով լրացուցիչ օգնություն ցուցաբերելու մասին, որը կուղղվի մյուս երկրներին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Արդյունքում ԱՄՆ օգնության ընդհանուր գումարը կկազմի շուրջ կես միլիարդ դոլար, հաղորդում է AP-ը։

Օգնության նոր փաթեթը չի ներառի անհատական պաշտպանության միջոցներ ԱՄՆ-ում բարձր ներքին պահանջարկի պատճառով։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ միջոցները կոչված են օգնել ուրիշ երկրներին մեծացնել COVID-19 վիրուսի նկատմամբ արձագանքը։

Նրա խոսքով՝ գումարը կուղղվի ախտորոշման, կանխարգելման եւ վերահսկողության համար, ինչպես նաեւ առողջապահության ազգային համակարգերի աջակցությանը եւ փորձարկումներ անցկացնելու ու բուժաշխատողներին վերապատրաստելու լաբորատորիաների ստեղծմանը։

Անցած ամիս ԱՄՆ-ը հայտարարել էր վիրուսների կանխարգելման եւ բուժման համար 64 երկրներին 274 միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնելու մասին։