Փաստաբան Լուսինե Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ծեծի ենթարկված մի տղամարդ Սիսիանի ԲԿ–ում պատմում է, որ իրեն ծեծի է ենթարկել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը։Տղամարդը պատմում է, որ իրեն նախօրեին գողության կասկածանքով տարել են ոստիկանություն, որտեղ ոստիկանապետն իրեն ծեծի է ենթարկել՝ ստիպելով, որ խոստովանի կատարած գողությունը և ցույց տա գողոնի տեղը։ Ընդ որում, տղամարդը վստահեցնում է, որ ինքը գողությունը չի կատարել։

«Սիսիան, արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի!!!!!

Հայտնում եմ, որ երեկ ք. Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել այս մարդուն` չկատարած գողությունը իր վրա վերցնելու համար, այժմ գտնվում է ք. Սիսիանի հիվանդանոցում..»,– գրել է փաստաբանը։

Նշենք, որ ավելի վաղ ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացի է ծեծվել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի։ Նրանք հոսպիալացվել են։