ԱՄՆ սենատորները շաբաթ օրը` ապրիլի 11-ին, սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհային շուկայի կայունացումը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը:

Գործակալության տվյալներով` խոսքը հանրապետական սենատորներ Քեւին Կրամերի եւ Դեն Սալիվանի մասին է, ովքեր ավելի վաղ առաջարկում էին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սաուդյան Արաբիային, եթե Էր Ռիադը հրաժարվի կրճատել նավթի արդյունահանումը:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ` բանակցությունները տեղի կունենան հեռավար կարգով: Ընդ որում, աղբյուրը տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե կոնկրետ ինչ հարցեր են արծարծվելու քննարկման ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՕՊԵԿ+-ի` նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրն ավարտվեց մարտի վերջին: Այն երկարաձգել չհաջողվեց Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ տարաձայնությունների պատճառով, որոնք չկարողացան համաձայնության գալ գործարքի շարունակման պայմանների շուրջ: Դրանից հետո ՕՊԵԿ+-ի երկրները սկսեցին ավելացնել նավթի արդյունահանումը: Ընդ որում, նավթի համաշխարհային պահանջարկը կտրուկ ընկավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Արդյունքում, 20 տարվա ընթացքում առաջին անգամ նավթի գինը կրճատվեց մինչեւ մեկ բարելի դիմաց 22 դոլար: Դրանից հետո ՕՊԵԿ+-ի երկրները որոշեցին արտահերթ հանդիպում անցկացնել, որին նախատեսվում է քննարկել նավթի արդյունահանման կրճատումը: Իսկզբանե հաղորդվում էր, որ այն պետք է կայանա ապրիլի 6-ին, սակայն ավելի ուշ հետաձգվեց մինչեւ ապրիլի 9-ը: Իսկ ապրիլի 10-ին կկայան G20-ի երկրների էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպումը: