Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը շարունակում է ջանքեր գործադրել` Հայաստանին PayPal-ին եւ վճարային այլ համակարգերին միացնելու համար: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա` այս ուղղությամբ զգալի ջանքեր են գործադրվում, օգտագործվում է նաեւ հայկական սփյուռքի եւ, մասնավորապես, PayPal-ում աշխատող հայ համայնքի ներկայացուցիչների ներուժը: Հայաստանում այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: «Նախարարությունում այս հարցով զբաղվում է արտաքին հարաբերությունների վարչությունը: Նրանք ակտիվ բանակցությունների փուլում են, ներգրավված են նաեւ Կենտրոնական բանկի եւ այլ նախարարությունների ներկայացուցիչները: Մենք այս հարցը ծայրահեղ կարեւոր ենք համարում: Հենց հաջողվի առաջընթաց գրանցել, մենք անպայման կհայտարարենք այդ մասին»,- խոստացավ նախարարը: