Հեմնիցի տեխնոլոգիական համալսարանից (Գերմանի) գիտնականները մշակել են շատ փոքր ռոբոռ, որն ունի շուրջ մեկ միլիմետր երկարություն, սակայն, միեւնույն ժամանակ, կարող է ինքնուրույն տեղաշարժվել ռեակտիվ շարժիչի շնորհիվ, ինչպես նաեւ կարող է դիմադրել ուժգին դեֆորմացիային առանց աշխատունակության կորստի, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Nature-ին:

Ռոբոտի առաջին նախատիպը գիտնականները ներկայացրել են դեռեւս տասը տարի առաջ, այնուհետեւ աշխատել են եզակի սարքի կատարելագործման ուղղությամբ: Արդյուքնում ռոբոտը կարող է պարծենալ անհավանական ճկունությամբ եւ ինքնուրույնությամբ:

«Մենք տեղադրել ենք միկրո եւ նանոչափսերով էլեկտրոնային բաղադրիչներ սիլիկոնային չիպի մակերեսին: Մեր տեխնոլոգիայում դա կարեւոր հատկանիշ է. Միկրոռոբոտի կառուցվածքում կան իսկական ռեակտիվ շարժիչներ»,-պատմել է ծրագրի առաջատար հեղինակ Օլիվեր Շմիդտը:

Ծրագրի նպատակը ռոբոտ ստեղծելն էր, որը կկարողանա ինքնուրույն գործառնել մարդու օրգանիզմում, եւ, օրինակ, մատակարարել անհրաժեշտ դեղորայքը այս կամ այն օրգանին, ինչպես նաեւ կատարել այլ խնդիրներ: Ռոբոտի հեղինակներն ասում են, որ ներկայիս նախատիպերը դեռեւս բավականաչափ արդյունավետ չեն այդպիսի կիրառման համար, սակայն տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը թույլ է տալիս ակնկալել արագ առաջխաղացում: