Լոնդոնի Բարձր դատարանը չեղյալ է հայտարարել կարգադրությունները Ղազախստանի նախկին նախագահ Նուրալի Ալիեւի թոռան նկատմամբ, ըստ որոնց նա պետք է ապացուցեր, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել շքեղ առանձնատները բրիտանական մայրաքաղաքում, փոխանցում է Reuters-ը:

Անցյալ տարվա գարնանը Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հայտով կալանքի տակ էին առնվել ստորգետնյա լողավազանով եւ կինոթատրոնով հագեցած առանձնատունն Լոնդոնի ամենաթանկ փողոցներից մեկի` Բիշոփս ավենյուի վրա, էլիտար Հայգեյթ թաղամասում գտնվող տունը եւ Չելսիում գտնվող հսկայական բնակարանը: Բրիտանիայի իրավապահները պահանջում էին ապացուցել ավելի քան 100 միլիոն դոլարի օրինական ծագումը, որոնցով գնվել են երկու առանձնատները եւ բնակարանները բրիտանական մայրաքաղաքի ամենաթանկ թաղամասերում:

Սակայն չորեքշաբթի Բարձր դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ալիեւի եւ չեղարկել է որոշումներն ընդդեմ այն ընկերությունների, որոնց պատկանում է այդ անշարժ գույքը: «NCA-ը գիտակցաբար անտեսել է համապատասխան տեղեկատվությունը, որը ես ինքնակամ եմ տրամադրել, եւ անհիմն դատական գործեր է նախաձռնել, այդ թվում` ցնցող վիրավորանքներն իմ, իմ ընտանիքի եւ իմ երկրի նկատմամբ»,- հայտարարել է Ալիեւը: