Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել է Ռուսաստանի գաղափարը` «առեւտրային պատերազմներից եւ պատժամիջոցներից ազատ կանաչ միջանցքներ» ստեղծելու մասին, փոխանցում է Mehr-ը:

«Որոշ երկրներ փակել են իրենց աշխարհագրական սահմանները` կորոնավիրուսի բռնկումը զսպելու համար, բայց սահմանները պետք է բաց լինեն` օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է նա Twitter-ում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի` Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց հրաժարվելուն, նույնիսկ` կոռոնավիրուսի պանդեմիայի համատեքստում, նա հավելել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է դիմակայել Իրանի դեմ պատժամիջոցների վերացման միջազգային կոչերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Իրանը ողջունում է Ռուսաստանի գաղափարը` առեւտրային պատերազմներից եւ պատժամիջոցներից ազատ կանաչ միջանցքների ստեղծման մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերացնել պատժամիջոցները տարբեր երկրների դեմ, որոնք խոչընդոտում են նոր կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարը: Նա նաեւ նշել է «առեւտրային պատերազմներից եւ պատժամիջոցներից ազատ» կանաչ միջանցքների ստեղծման կարեւորությունը, որոնք կապահովեն դեղորայքի, սննդի, սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակարարումը: