Տարօրինակ շրջանները դաշտերում, որոնք հայտնաբերվել են լեհ հնագետների կողմից Մեծ Լեհաստանի վոեւոդության տարածքում, ավելի վաղ չուսումնասիրված հնագույն ամրոցներ են, որոնցից մի քանիսը կառուցվել են դեռեւս երկաթե դարում, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Nauka w Polsce-ին:

Հետազոտողներն անցկացրել են մագնիսային չափումներ Մեծ Լեհաստանի վոեւոդության հարավ-արեւելյան մասերում, ինչպես նաեւ ուսումնասիրել են տեղանքը աէրոֆոտոնկարահանման միջոցով:

«Այդ տարածքում արդեն հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջաններին թվագրվող շուրջ հարյուր ամրոցներ: Սակայն այժմ պարզվել է, որ եւս ինը ամրոց թաքնված էր հողի տակ: Վերեւից արված լուսանկարների վրա երեւում են այդ օբյեկտները, որոնք ունեն հիմնականում դաշտերում առեղծվածային շրջանների տեսք»,-պատմել է հնագիտական հետազոտության ղեկավար Մաքսիմ Մացկեւիչը:

Նա ասել է, որ արտասովոր ամրոցներն ամբողջությամբ հողին էին հավասարեցվել գյուղատնտեսական աշխատանքների պատճառով, սակայն մարդկանց հիշողության մեջ չի պահպանվել, որ այդ դաշտերում եղել են ամրոցի պատեր: «Մենք ուսումնասիրել ենք հնագույն ամրոցները եւ հայտնաբերել հողի տակ կերամիկայի մասեր, որոնք պահպանվել են վաղ Միջնադարի ժամանակաշրջանից: Մի շարք այլ ամրոցների հետ մեկտեղ հայտնաբերված գտածոները մատնանշում են, որ դրանցից մի քանիսը ստեծված էին դեռեւս երկաթի դարում»,-նշում է գիտնականը: