Լյուքս դասի արտադրանք արտադրողները 2020 թվականին կորոնավիրուսի բռնկման պատճառով կզրկվեն ավելի քան 100 մլրդ եվրոյից: Միջազգային քոնսալթինգային Boston Consulting Group ընկերության հաշվետվությունը պատրաստվել է Altagamma-ի եւ AB Bernstein-ի հետ միասին ու հիմնված է շքեղության ինդուստրիայի ֆիրմաների ղեկավարության շրջանում անցկացված հարցման վրա, փոխանցում է ՌԲԿ-ն:

Փորձագետները կանխատեսում են, որ համավարակը ապրանքանիշներին սպառնում է ավելի լուրջ վնասով, քան ենթադրվում էր այս տարվա փետրվարին: Մասնավորապես՝ չպահանջված պրեմիումային ապրանքների քանակությունը պահեստներում կկազմի 105 մլն միավոր, իսկ կորուստների ընդհանուր գումարը հավասար կլինի 105 մլրդ եվրոյի: Մասնագետները նշում են, որ այսպիսով՝ շուկան կվերադառնա 2011 թվականի մակարդակին, երբ ծավալը հավասար էր 250 մլրդ եվրոյի:

2019 թվականի արդյունքներով՝ նորաձեւ լյուքսային արտադրանքի հատվածը գնահատվում էր 350 մլրդ եվրո: 2020 թվականի ընթացքում վաճառքը կնվազի մինչեւ 245 մլրդ եվրո՝ նախորդ տարվա համեմատությամբ 30 տոկոսով քիչ:

Ավելի վաղ կարծիք կար, որ չվաճառված ապրանքներից կորուստները կկազմեն ընդամենը 70-90 մլրդ եվրո:

Ներկայումս հարցված ընկերությունների ղեկավարների եւ ֆինանսական տնօրենների գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսի բացասական հետեւանքները շարունակվելու են եւս 6-12 ամիս: Մինչ այս, այդպիսի ենթադրություններ էր կատարում միայն շուկայի մասնակիցների երրորդ մասը:

Փետրվարին ամերիկյան հանրահայտ Nike սպորտային ապրանքանիշը կորոնավիրուսի պատճառով կորցրել էր 17 մլրդ դոլարի շահույթ: Փետրվարի սկզբին COVID-2019 հիվանդության տարածման հետ կապված ընկերությունը Չինաստանում փակել էր խանութների կեսը, չնայած վաճառքի 18 տոկոսը բաժին է ընկնում հենց այս երկրին: