Ամերիկյան VanDerBrink աճուրդի տունը հոկտեմբերի 24-ին վաճառքի է հանում 129 հազվագյուտ ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների եզակի հավաքածու: Դրանք պատկանել են փչովի բատուտներ արտադրող ընկերության սեփականատեր Բոբ Ռեգերին, փոխանցում է Motor-ը: 

Բիզնեսմենի հավաքածուում գերազանցապես հավաքվել են ամերիկյան ավտոմեքենաներ՝ արտադրված 1928-1987 թվականներին: Դրանից բացի, Բոբ Ռեգերն կարողացել է իր ավտոտնակոի հավաքածուն համալրել 1973 թվականի թողարկության Jaguar XJ6-ով եւ 1979 թվականի Ferrari 308 GTS-ով, ինչպես նաեւ 2 ճապոնական մոտոցիկլետով՝ 1970 թվականի Suzuki-ով եւ 1976 թվականի Honda-ով: Նրա մահից հետո ազգականները որոշել են բոլոր մեքենաները վաճառել, քանի որ նա ընտանիքում միակ մարդն էր, որը գիտեր դրանք ինչպես խնամել:

Բոբ Ռեգերը ուներ տասնյակ եզակի ավտոմեքենաներ: Օրինակ՝ 1932 թվականի Ford-ի 17 մոդել, տարբեր սերունդների 8 Chevrolet Corvette, 2 Ford Thunderbird, որոնք հոսքագծից իջել էին 1957 թվականին, մեկական 1968 թվականի Chevrolet Camaro RS եւ 1970 թվականի Plymouth Cuda, ինչպես նաեւ 1972 թվականի Pontiac GTO: Բայց հավաքորդի գլխավոր ցուցադրանմուշը 1953 թվականի Buick Skylark կաբրիոլետն է, որը Բոբը կարողացել էր հետ գնել հարեւանից:

Դեռեւս հայտնի չէ, թե ազգականները որքան են գնահատել հավաքածուն, սակայն նրանց խոսքով՝ բոլոր ավտոմեքենաները վիթխարի անգարում միասին են պահվում ծածկոցների տակ, եւ դրանց մեծ մասը գերազանց վիճակում է: Եվ միայն ամենահին մոդելները աննշան վերանորոգման կամ անիվները փոխելու կարիք ունեն: