Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը սահմանափակել է Zoom վիդեոկապի օգտագործումն իր աշխատողների շրջանում, գրում է DW-ը՝ հղում անելով Handelsblatt թերթին: Պարբերականի տվյալներով՝ նախարարությունն ուղղել է ծառայողական երկտող, որում գրում է այդ հարթակի օգտագործման ժամանակ անվտանգության եւ տվյալների պաշտպանության ռիսկերի մասին:

Ծառայողական երկտողում գրված է, որ քանի որ համակարգը լայնորեն օգտագործվում է նախարարության միջազգային գործընկերների կողմից, ներկայում անհնար է ամբողջովին արգելել դրա կիրառումը, իսկ ճգնաժամային իրավիճակում աշխատակիցները պետք է կատարեն աշխատանքային զանգեր իրենց անձնական համակարգիչներում տեղադրված հավելվածների միջոցով:

Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Իլոն Մասկի SpaceX-ն ու NASA ամերիկյան տիեզերական գործակալությունն արգելել էին իրենց աշխատակիցներին օգտագործել Zoom հարթակը անվտանգության եւ կոնֆիդենցիալության լուրջ խնդիրների պատճառով:

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ աշխարհում Zoom-ը զգալիորեն մեծացրել է իր օգտատերերի թիվն օրական շուրջ 20 անգամ՝ հասցնելով լսարանը 200 միլիոն մարդու: Կարանտինի ժամանակ տարբեր երկրներում Zoom են օգտագործում ձեռնարկատերերը, ուսուցիչները, ֆիտնեսի մարզիչները, արտիստները: Սակայն միաժամանակ ի հայտ են եկել օգտատերերի բողոքները տեսազանգին անցանկալի անձանց ոչ արտոնագրված միացումների պատճառով:

Նախօրեին Zoom Video Communications-ի բաժնետերերից մեկը դիմել էր ԱՄՆ-ի դատարան՝ մեղադրելով ընկերությանը հավելվածի անվտանգության մասին տվյալները թաքցնելու մեջ, ինչը հանգեցրել էր ակցիաների արժեզրկմանը: