Ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդու (1925-1968) ծոռան՝ Գիդեոն Մըքկինի մարմինը ջրասուզորդները երեկ հայտնաբերել են Չեսապիկի ծոցում, հայտնում է CNN-ը:

Ութամյա Գիդեոնը մոր՝ 41-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մըքկինի հետ կորել էր ապրիլի 2-ին: The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ Մեյվը եւ Գիդեոնը կանոեով փորձել են հասնել գնդակին, որը ջրի մեջ էր ընկել իրենց տան բակում ափին խաղալիս: Քամին նավակը տարել էր բաց ծոց, ափից հեռու, եւ նրանք չէին կարողացել վերադառնալ:

Շրջված կանոեն հայտնաբերվել էր ապրիլի 3-ի երեկոյան՝ այն վայրից 3 կմ հեռավորությամբ, որտեղ այն տեսել էին վերջին անգամ: Ապրիլի 4-ին USA Today պարբերականը հայտնել էր, որ կորածների որոնումները դադարեցվել են, եւ նրանք զոհված էին ճանաչվել: Ապրիլի 6-ին ոստիկանները Մեյվ Քենեդիի մարմինը հայտնաբերել էին Չեսապիկի ծոցի ափին:

Ռոբերտ Քենեդին ամերիկացի քաղաքական գործիչ է, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու (1917-1963) եղբայրը: