Տնտեսվարող սուբյեկտները սկսել են միջոցներ ստանալ տնտեսական աջակցության հակաճգնաժամային միջոցառումների չորս փաթեթներով: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ, երեկվա տվյալներով, միջոցառումների առաջին փաթեթով, որը պետության կողմից աջակցություն է նախատեսում վարկերի սուբսիդավորման, համաֆինանսավորման եւ վերաֆինանսավորման տեսքով, 1 միլիարդ 433 միլիոն դրամի հայտ է բավարարվել, եւ 520 միլիոն դրամ վարկային միջոցներ արդեն տրվել են:

«Աջակցության միջոցառումների երկրորդ փաթեթով, որը վերաբերում է գյուղատնտեսական ոլորտին, 1.1 միլիարդ դրամի հայտ էր ընդունվել եւ բավարարվել է 600 միլիոն դրամի չափով: Միջոցառումների երրորդ փաթեթով, որը վերաբերում է այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց 2019 թվականի շրջանառությունը 24-ից 500 միլիոն դրամ է կազմել, երեք օրվա ընթացքում 280 միլիոն դրամի 27 հայտ է ընդունվել»,- հավելեց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընթացքում ընդհանուր 356 դիմումից 270-ը չեն համապատասխանել աջակցության պահանջներին: «Մենք վերլուծում ենք նաեւ այս թիրախային խումբը` հասկանալու համար, թե ինչ աջակցություն կարելի է նրանց ցուցաբերել»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը: