Պաշտոնից օրերս իր դիմումի համաձայն ազատված՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակոբ Ճաղարյանի կինը՝ նշելով, որ Հակոբ Ճաղարյանը դեռեւս չի գնացել ԱԱԾ։

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանն ասել էր, որ պաշտոնը լքելու որոշման հիմքում Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումներն են: Նա Lragir.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից, նշել էր, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները ունեն խնդիրներ. «Ես այս պահին իրավունք չունեմ բացելու խնդիրների ամբողջ ծավալը։ Ես երկրի ղեկավարին համապատասխան զեկույցը ներկայացրել եմ։ Թե ինչ կարվի հետագայում, դա արդեն երկրի ղեկավարի որոշումն է։ Հայաստանն իրականում ունի բազմաթիվ անհամապատասխանություններ, եւ այդ անհամապատասխանությունները կարգավորվելու կարիք ունեն»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հակոբ Ճաղարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հակոբ Ճաղարյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին։