Չեմ բացառում եւ որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի կարծիքով, սակայն, դեռ վաղ է հայտարարել նոր պարտքի չափի, ժամանակի մասին։

«Ելնելով իրավիճակից, որ ունենք այսօր, կարծում եմ՝ դեռ վաղ է թվային գնահատականներ տալը։ Դրա մասին մտածել պետք է, բայց որոշումներ կայացնել եւ թվեր հնչեցնելը դեռ վաղ է։ Նույնիսկ աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի մեր անելիքներն ավելի ճշգրտված հնարավոր լինի հրապարակել։ Իհարկե, մտածում ենք, իհարկե կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել դրա պահի եւ չափի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություններ»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտ քայլերից է նաեւ պետական պարտքի ավելացումը։