Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից հաղորդում ստացվեց, որ որովայնի եւ ձախ ազդրի ծակած-կտրած վերքերով Արտաշատից իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի ու տուժողի հետ: Պարզվեց` ժամը 17-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցում տուժողը վիճել էր անծանոթ տղամարդու հետ, որն էլ դանակահարել էր նրան:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի 37-ամյա մի բնակիչ:

Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: