Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, որը ժամանակավորապես փոխարինում է կորոնավիրուսով հոսպիտալացված վարչապետ Բորիս Ջոնսոնին, մտադիր է Միացյալ Թագավորությունում կարանտինը երկարացնել, տեղեկացնում է The Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ սա կլինի Ռաաբի առաջին առանցքային որոշումն այն պահից, երբ Ջոնսոնը կիրակի կորոնվիրուսով հայտնվեց հիվանդանոցում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակում է մնալ, չնայած վիճակի բարելավմանը: Պարբերականի տեղեկություններով՝ Ռաաբն արդեն այսօր կարող է հայտնել, որ մինչեւ ապրիլի 13-ը կանատինը չեղյալ չի հայտարարվի:

Հենց այդ օրն է լրանում 3 շաբաթը, որի ընթացքում նախատեսված էին սահմանափակող միջոցները:

Չափազանց վաղ է

Հոդվածում նշված է, որ կառավարությունում մտահոգված են այն հանգամանքով, որ կարանտինի հնարավոր մեղմացման ցանկացած առաջարկ կարող է հանգեցնել նրան, որ բնակչությունը կսկսի զանգվածաբար փողոց դուրս գալ մինչեւ դրա ավարտը: Իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ հաշվի առնելով մոտեցող Զատիկը (այս տարի այն համընկնում է ապրիլի 12-ին), երբ հանգստյան օրերը, ըստ ավանդույթի, տեւում են ուրբաթից երկուշաբթի:

Իշխանությունների կարծիքով՝ եթե կարանտինը չեղյալ հայտարարեն, վտանգավոր կլինի, քանի որ հիվանդության բռնկումը չի հասել բարձրակետին, իսկ չորեքշաբթի հայտարարվել է COVID-19-ի հետեւանքով մահվան 938 նոր դեպքի մասին, ինչը համաճարակը սկսվելու պահից ամենամեծ ցուցանիշն է:

The Daily Telegraph պարբերականի տեղեկություններով՝ նախարարները քննարկում են մինչեւ ամսվա վերջ կարանտինը երկարացնելու ծրագրերը: Պարբերականը միաժամանակ հստակեցնում է, որ նրանք չեն ցանկանում կատարել այդ հայտարարությունը, քանի դեռ վարչապետը վերակենդանացման բաժանմունքում է:

Միաժամանակ, կարանտինը երկարացնելու հեռանկարներն էլ ավելի ակնհայտ դարձան չորեքշաբթի Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի եւ Ուելսի իշխանությունների հայտարարություններից հետո: Հանը հայտարարել էր, որ մինչեւ քաղաքացիների տեղաշարժման եւ բիզնեսի գործելու սահմանափակումների չեղարկումը դեռեւս հեռու է: Քարդիֆից իրենց հերթին հայտնել էին, որ Միացյալ Թագավորության այս վարչաքաղաքական տարածքում կարանտինը երկարացվելու է հաջորդ շաբաթ եւս: