«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտը ներառում է գնման արժեք եւ երկու կազմակերպությունների մարժա, այսինքն՝ դրանց մասնաբաժինը մինչեւ սպառողները գազի փոխադրման համար, ինչպես նաեւ աշխատանքի, նյութերի, վերանորոգման, բանկային գործարքների, ապահովագրության վճարման ծախսեր: Այս մասին այսօր գազի հարցի շուրջ հայ-ռուսական բանակցությունների թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԾԿՀ զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը:

Նա հավելեց, որ ՀԾԿՀ-ն 80 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի դիմումն ու վերջնական որոշում կընդունի:

Սերգեյ Աղինյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիայի» դեպքում ծախսերի կրճատմանն ուղղված նոր մեթոդիկա են պատրաստվում մշակել եւ կիրառել, եւ որի ընդունման դեպքում սակագինը կհաշվարկվի հենց դրանով: Նա ասաց, որ «Գազպրոմը» պատրաստվում է մեծածավալ ներդրումներ անել, եւ դրանք պետք է ունենան իրենց դրական ազդեցությունը` ծախսերի օպտիմալացում, շահագործման ծախսերի կրճատում, համակարգի նորացում: