Ամբողջ մոլորակի վրա, եւ, հատկապես, Աֆրիկայում, տրոպիկական անտառների ոչնչացումը հրահրում է ավելի հաճախակի շփումներ մարդու եւ վայրի ֆաունայի միջեւ, ինչի հետեւանքով կարող են ի հայտ գալ նոր վիրուսային սպառնալիքներ, որոնք վտանգավոր են մարդկանց համար, գրում է Planet- today-ը՝ հղում անելով Landscape Ecology-ին:

Աֆրիկյան տրոպիկական անտառները, որոնք ներառված էին պահպանվող ազգային պարկերի ցանկում, վտանգվում են մնացածից առավել. վերջին տասնամյակներում այդ անտառների մակերեսները կրճատվել են շուրջ 75 տոկոսով: Անտառահատումները գյուղատնտեսական նպատակով հանգեցնում են ոչ միայն ամբողջական էկոհամակարգերի ոչնչացման, այլ նաեւ մարդկանց եւ վայրի բնության միջեւ առավել սերտ շփման:

Ստենֆորդից (ԱՄՆ) գիտնականները վերլուծել են վտանգավոր իրավիճակը, որը ստեղծվել է Ուգանդայում, եւ պարզել, որ տեղի ֆերմերների շփումը վայրի պրիմատների հետ նշանակալիորեն հաճախակի է դարձել տրոպիկական անտառները հատելու հետեւանքով:

Հիշեցնենք, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացրել է COVID-19 պանդեմիան, ծագել է կենդանական աշխարհից, մարդու իմունային անբավարարության վիրուսը՝ նույնպես: Դժվար չէ ենթադրել, որ վայրի կենդանիների շրջանում կան մարդու համար պոտենցիալ վտանգ ներկայացնող բազմաթիվ վիրուսներ, որոնք կարող են փոխանցվել մարդուն սերտ շփման արդյունքում: