Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով ԱԱԾ-ում տեղի ունեցած հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջինս հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը:

Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:

Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձեւերն ու օրիական հիմքերը:

Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները եւ կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարեւորությունը:

Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»,-գրել է նա: