Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Առաջիկա օրերին եւս սպասում ենք դուրս գրվողների։ 1 բժիշկ ունենք, որը վիրուսով է վարակվել, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,– ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ մարզում վերջին տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, 2 համայքներում. «Գյումրիում եւ Անի համայնքում են գրանցվել վարակի դեպքեր։ Մահվան 1 դեպք գրանցվել է Անի համայնքում»։

Պետրոսյանի խոսքով՝ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի  բարձր պատասխանատվություն ցուցաբերի, որպեսզի միասին հաղթահարենք ստեղծված իրավիճակը. « Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը: Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնվիրուսով վարակման 921 դեպք, 10 մահ, 138 մարդ ապաքինվել է։